երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Հանցակազմ կա՞ «սատկացնելու եմ, կզացնելու եմ» արտահայտություններում․ ՔԿ նախագահի պատասխանը

Հանցակազմ կա՞ «սատկացնելու եմ, կզացնելու եմ» արտահայտություններում․ ՔԿ նախագահի պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ» արտահայտություններում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանցակազմ չի տեսնում, սակայն պնդում է, որ նույն բառերը տարբեր հանգամանքներում կարող են տարբեր քրեաիրավական գնահատական ստանալ։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին։

Մասնավորապես՝ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք մեկ քաղաքացու կողմից մյուսին ուղղված նման արտահայտությունները հանցակազմ պարունակու՞մ են, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ Պողոսյանն ասաց, որ միայն արտահայտության հիման վրա հնարավոր չէ որոշել հանցակազմի առկայությունը՝ առանց հաշվի առնելու դեպքի հանգամանքները։

Նա նշեց. «Երբ որ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը։ Սրանք վճռորոշ հատկանիշներ են»:

ՔԿ նախագահը նաև նշեց, որ պատգամավորը, հավանաբար, նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և հավելեց. «Ես չգիտեմ. վարչապետի ելույթն եք, չէ՞, ակնարկում։ Հա՜, ի՞նչ կա ըտեղ։ Իմ կարծիքով՝ չկա։ Ես պաշտոնապես ասում եմ»։

Իր հերթին Աննա Գրիգորյանն ասաց, որ Ա. Մ. սկզբնատառերով քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղել է նույնաբովանդակ արտահայտությունները՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։ Նա հավելեց, որ այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել, և հարցրեց. «Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ Ն. Փ. Քաղաքացին, երբ այդ նախադասություններն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, երբ Ա. Մ. քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք էդտեղ հանցակազմ տեսնում եք»:

ՔԿ ղեկավարը կրկնեց, որ քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից և դրան հաջորդած արձագանքներից. «Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները, և ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունն այդ իրավիճակում, այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»:

Նա նաև հավելեց, որ իրավապահների պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույն արտահայտություններում հանցակազմ չի հայտնաբերվել, և դեպքեր, երբ հանգամանքների գնահատման արդյունքում հակառակ եզրակացության են եկել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7–ին ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար օգտագործում էր «սատկացնելու եմ», «կզացնելու եմ», «չոքացնելու եմ» արտահայտությունները, հատկապես, երբ խոսքը ՀՀ նախկին նախագահների կամ ընդդիմադիր գործիչների մասին էր։

  • Կիսվել: