երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օդանավակայանում մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների. Փաշինյան

Օդանավակայանում մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների. Փաշինյան

Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան կոնկրետ ազդակներ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ շուտով կսկսվեն  բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ը իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է:

«Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով: Պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք»,- ընդգծեց նա:

Վարչապետը հայտնեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի և այնտեղ համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել։

«Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկներից համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների եւ հնարավորությունների մասին: Ըստ էության ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: