Ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չունենք, բոլորը հասանելի են. Ջումանյան
Ամեն ինչ պետք է անել պատվաստումների ակտիվությունը պահելու համար: Այս մասին այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Ըստ նրա՝ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար, երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն պատվաստումներին բարձր ընդգրկվածություն, քանի որ պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։
«Օգտագործելով հիվանդության թվերի նվազումը՝ պետք է առիթն օգտագործենք, ավելի շատ պատվաստումներ իրականացնենք, որպեսզի համավարակի հաջորդ ալիքներին լինենք պատրաստ: Այս պահին ՀՀ-ում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չունենք, բոլորը հասանելի են»,-ասաց Արտակ Ջումայանը:
Նշենք, որ Գյումրի այցի շրջանակներում Արտակ Ջումայանը եղել է Գյումրու մի շարք բուժհաստատություններում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների աշխատանքներին, անդրադարձել ու կարևորել առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ընդգրկուն աշխատանքների իրականացումը։