Ոչ մի աշխատանք չի ձախողվել. Խուդաթյանը խոստացավ պատգամավորին ներկայացնել սուբվենցիոն ծրագրերով արվող շինարարությունների ցանկը
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց, թե որտեղ է սուբվենցիոն ծրագրերով արվող շինարարությունների ցանկը։
Այս որոշումը չունի հստակություն և չի ներառում ծրագրերի ամբողջական ցանկը, ոչ էլ դրանցում նախատեսված ֆինանսավորումը։ Այս որոշմամբ քանի ծրագրի ենթակառուցվածքների կատարումն է հետաձգվել, և որքան է կազմում դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը»։
Ի պատասխան՝ Խուդաթյանն ասաց, որ ՀՀ-ում մի քանի հարյուր շինարարություններում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ յուրաքանչյուր տարի, 2018-ից սկսած, անհրաժեշտություն է լինում որոշ աշխատանքներ տեղափոխել հաջորդ տարի։
«Աշխատանքները, վստահաբար, իրականացվում են, այդ աշխատանքներն իրականացվել են։ Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ ցանկ չկա։ Ցանկ կա, նաև հաշվարկ կա։ Ցանկը կփոխանցենք Ձեզ, եթե կարիք կա»,-նշեց նախարարը։
Արձագանքելով՝ Ղազարյանն ասաց. «Դուք որդեգրել եք թափանցիկ աշխատանքի գործելաոճ։ Եթե նախկինում, օրինակ, կար ցանկ, որտեղ 39,5 միլիարդ դրամի աշխատանքներ ինչ-ինչ պատճառներով ձախողվել էին կամ տեղափոխվել էին, այս տարի այդ ցանկն էլ եք հանել, որպեսզի հանրությունը չկարողանա կոնկրետ իմանալ՝ իր համայնքում իրականացվող աշխատանքները երբ են ավարտվելու։ Չէ՞ որ այդ աշխատանքները նախատեսված է հաշվետու տարում ավարտել։
Հիմա Դուք ասում եք՝ կներկայացնենք։ Կան աշխատանքներ, բայց դրանք չափելի չեն։ Ինձ պետք է ցանկ, որտեղ իրականում տեսնեմ, որովհետև բյուջետային հայտի ժամանակ Դուք բարձրաձայն ասում եք՝ այսքան գումար է նախատեսվել սուբվենցիոն ծրագրին, գերատեսչական հանձնաժողովը հաստատել է այսքան միլիարդ դրամի չափով։ Ես, որպես պատգամավոր, մի քանի ամիս չարչարվում եմ, չեմ կարողանում գտնել այդ ցանկը։ Քանի՞ ծրագիր է ձախողվել կամ տեղափոխվել։ «Ձախողում» բառից նեղվում եք։ Բա քաղաքացին և բնակչությունը որտեղի՞ց իմանա։ Ձեր պատասխանը պետք է լինի կոնկրետ՝ ծրագրերով, ենթածրագրերով, չկատարված աշխատանքների տեղափոխման ֆինանսական չափով»,։
Իր հերթին Խուդաթյանը վստահեցրեց, որ ոչ մի աշխատանք չի ձախողվել, և ցանկը պատրաստ է փոխանցել պատգամավորին։ «Եթե ցուցանիշ եք ուզում, ապա ասեմ, որ 2025 թվականի ընթացքում երբևէ ամենամեծ թվով համաֆինանսավորում ենք իրականացրել։ Ընդհանուր իրականացվել է 62 միլիարդ դրամի շինարարական աշխատանք սուբվենցիոն ծրագրով, որից 33 միլիարդ դրամը համաֆինանսավորվել է պետական բյուջեից։ Սա 2019 թվականից սկսած ամենամեծ ցուցանիշն է»,- նշեց նա:


