ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Նոր արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան մեր երկրին ազատվել մեր երկրի ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքից՝ Ալիևի կուսակալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից․ Լևոն Զուրաբյան

Նոր արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան մեր երկրին ազատվել մեր երկրի ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքից՝ Ալիևի կուսակալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց սեփական երկրի քաղաքացիներին ձեռ առնելու մաստեր-կլաս։ Նա հայտարարեց իր նոր առաքելության մասին, որը համարում է իր գլխավոր առաքելությունը և որը չկատարելու դեպքում իր քաղաքական առաքելությունը սպառված կհամարի։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այդ առաքելությունը, իր իսկ խոսքերով, Ադրբեջանի թելադրանքով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, վերջնական խաղաղության հաստատումը։

Փաստորեն, սա յուրօրինակ ինքնախոստովանություն է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ նախընտրական կամպանիան հիմնված է եղել երկու հիմնարար խաբեության վրա։ Սրա մասին մենք ասել ենք հենց ընտրարշավի ժամանակ, բայց սրա մասին հիմա խոստովանում է հենց ինքը՝ Փաշինյանը։

Առաջինն այն է, որ Փաշինյանը մեզ ասում էր, թե Ադրբեջանի հետ խաղաղությունն արդեն հաստատված է, և հենց այդ գլխավոր թեզիսով ձայներ էր հավաքում խաբված միամիտ բնակչության շրջանում։ Հիմա ինքը հենց խոստովանում է, որ խաղաղություն դեռ հաստատված չէ, ավելին՝ այն հաստատելն իր գլխավոր նպատակն է, որը պիտի կարողանա իրականացնել մինչև 2031 թվականը։

Երկրորդ ստախոսությամբ նա մեզ ավետում էր. «Հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չունենա»։ Բայց սեպտեմբերն առոք-փառոք անցավ, հոկտեմբերն էլ է արդեն ավարտվում, բայց արի ու տես՝ պատերազմ չկա ու չկա։ Էլ չենք խոսում նրա մասին, որ առաջին ու երկրորդ պնդումներն ուղղակի իրար հակասում են, և էն գլխից էլ պարզ էր, որ այդ պնդումներից առնվազն մեկը կատարյալ սուտ է։

Հիմա պարզվում է, որ իրականում երկուսն էլ սուտ են, և դրա գլխավոր ապացույցը Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններն են։

Պարզվում է մեկ այլ բան՝ որ իրականում էս մարդու ասած որևէ բան իրականության հետ որևէ կապ չունի։ Եվ եթե ինչ-որ կապ ունի իրականության հետ, ապա միայն այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը մեր ճակատագրին վերաբերող հարցերում ստախոսությունը դարձրել է իր իշխանության ամրապնդման գլխավոր գործիքը։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը և դրա հետ կապված Ադրբեջանի սպառնալիքները որպես Հայաստանի քաղաքացիներին շանտաժի՝ նենգաշորթման ենթարկելու և բռնիշխանություն հաստատելու գործիք։

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն իրականում նույնպես շանտաժի գործիք է։ Այս անգամ, սակայն, ընդդիմության նկատմամբ, որովհետև հալածանքների ենթարկված և բավականին թուլացած վիճակում հայտնված ընդդիմությունը նոր ընտրություններում, ըստ Փաշինյանի, չի կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ նրան և, վախենալով գալիք ընտրությունների առավել վատթար արդյունքներից, կհամաձայնվի նոր Սահմանադրություն ընդունելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին։

Բայց ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ կգտնվեն հիմարներ, որոնք կհավատան նրա բլեֆին։ Նոր ընտրություններն այնպիսի պայմաններում, երբ նրա անշրջահայաց, բախտախնդիր քաղաքականության պատճառով խզվում են ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը, ինչպես նաև այն վիճակում, երբ մեր գլխին կախված է այս անգամ արդեն նաև Ադրբեջանի մասնակցությամբ ամերիկա-իրանական պատերազմի վերսկսման սպառնալիքը, միայն բացահայտելու են Փաշինյանի աղաղակող ձախողումները բոլոր ուղղություններով։

Հետևապես, Նիկոլ, կեցցեն նոր արտահերթ ընտրությունները, որոնք հնարավորություն կտան մեր երկրին ազատվել մեր երկրի ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքից՝ Ալիևի կուսակալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից»,-գրել է նա։

  • Կիսվել: