կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներին

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներին՝ նշելով դրանք․

«- Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

- Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

- Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: - Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

-Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

- Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:

- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»,- գրել է նա

  • Կիսվել: