հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց

Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։
 
Ակցիայի մասնակիցները վանկարկում են Թևանյանի անունը և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։
 
«Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես։ Այս երկրում թույն ու թարախ է շաղ տալիս միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան»,— հայտարարեց Թևանյանի թիմակից, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
 
Նրա վանկակումներին միացան նաև հավաքված քաղաքացիները։
 
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
 
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
 
 

  • Կիսվել: