ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին ՀՀ ԱԺ-ի պարգևները

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին ՀՀ ԱԺ-ի պարգևները

Հունվարի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Նիդերլանդներ Հայաստան-բարեկամության շրջանակի անդամներ Պիտեր Օմզիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարթայն ֆան Հելֆերթին և Սադեթ Կարաբուլութին։
 
ՀՀ Ազգային ժողովի բարձր պարգևները նիդերլանդացի պատգամավորներին հանձնվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նրանց նշանակալի ջանքերի, ինչպես նաև՝ միջազգային ասպարեզում Արցախի դեմ ադրբեջանական-թուրքական ագրեսիայի դատապարտման գործում ունեցած ավանդի համար։
 
Հանձնելով պարգևները դեսպան շեշտեց, որ ՀՀ ԱԺ Պատվո մեդալները Հայաստանի երախտիքի արտահայտություն են տարիներ ի վեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման, դրանք նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ կատարած հսկայական աշխատանքի, նաև մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի դատապարտման գործում պատգամավորների անխոնջ ջանքերի համար։
 
Նիդերլանդների խորհրդարանի անդամները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի համար՝ ընդգծեցելով, որ իրենց գործունեությունն ուղղված է համամարդկային արժեքների պահպանմանը և բռնապետական ռեժիմների անպատժելիության բացառմաը։ Պատգամավորները կարևորեցին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված բանաձևերի դրույթների իրականացումը՝ նոր պատերազմի կանխարգելման առումով։
 
Պատգամավորների հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ զինադադարի հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից զինադադարի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին և դրա հետևանքներին։
 
 

  • Կիսվել: