Ներողություն էլի, Նառ ջան, մի վայրկյան. Ծառուկյանի դիտողությունը Նաիրա Զոհրաբյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Ոչ»-ի ճամբարից դիմել էին ԲՀԿ-ին՝ հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել:
«Իրենք դիմել են Նաիրա Զոհրաբյանին առանց փաստաթղթի, և քանի որ մենք քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի գործընթացին, անիմաստ էր մեր ասելուց հետո մենք խառնվեինք, դրանով զբաղվեինք: Բայց մեր համակիրները ազատ են, քվեարկության օրը իրենք ոնց կցանկանան, այդպես էլ թող անեն»,- նշեց նա։
Դիտարկմանն՝ իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ չեն աջակցել «Ոչ»-ի ճամբարին, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ ինքը պատասխանել, ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ներողություն էլի, Նառ ջան, մի վայրկյան, մենք կողմ ենք եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք ենք մեկնել, ցանկացել ենք, որ իրավական շտկումները կատարենք, պատրաստ ենք 24 ժամ աշխատելու, բայց դա մնաց առանց արձագանքի: Մենք էլ ասացինք՝ եթե դրա կարիքը չունեք, մենք էլ չենք մասնակցում: Թե չէ կեսը դատարկ-դատարկ խոսելով, մուտիլովկա անելով, այդպես չի կարելի»:


