երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ներմուծող կազմակերպությունը կարող է ընտրել լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում և համապատասխան փորձաքննություն

Ներմուծող կազմակերպությունը կարող է ընտրել լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում և համապատասխան փորձաքննություն

Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակում լաբորատոր փորձարկումների գործընթացները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել իրավակարգավորում, համաձայն որի՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրում լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում եւ համապատասխան փորձաքննություն, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական՝ մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարելավվի լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը, հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը:

«Ե՞րբ մենք կունենանք ռեֆերենս լաբորատորիա»,- զեկուցողից հետաքրքրվել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ Հայաստանում միանշանակ լինելու են ռեֆերենս լաբորատորիաներ: «Երբ կունենանք ռեֆերենս լաբորատորիաներ, Կառավարությունն իր որոշումներով կսահմանի ցանկը, որին համապատասխան լաբորատորիաները կկարողանան հաղթահարել շեմը եւ դառնալ ռեֆերենս լաբորատորիա»,- ասել է զեկուցողը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվել է, թե ինչ է լինելու այն լաբորատորիաների հետ, որոնք կեղծ եզրակացություն կտան ապրանքի վերաբերյալ՝ ելնելով կոռուպցիոն գործընթացներից: Պետրոս Մարտիրոսյանի խոսքով ապրանքի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:

«Մարդիկ կդատվեն, շատ մարդ կդատվի, եթե փորձեն Հայաստան ներմուծվող սննդամթերքի վերաբերյալ նշույլ անգամ շեղվել իրականությունից»,- շեշտել է Պետրոս Մարտիրոսյանը:

Նրա խոսքով ռեֆերենս լաբորատորիա կարող են դիմել ոչ միայն տնտեսվարողները, այլ նաեւ Սննդի անվտանգության տեսչական մարմինը՝ կասկածներ ունենալու դեպքում: Ըստ զեկուցողի՝ եթե որեւէ լաբորատորիայի տված եզրակացությունը տարվա մեջ երկու անգամ հակասի ռեֆերենս լաբորատորիայի տված եզրակացությանը, ապա դա առնվազն հիմք է՝ այդ լաբորատորիայի գործունեությունը կասեցնելու համար:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի՝ արդյո՞ք այս կարգավորումը վերաբերում է ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքներին հարցին, հիմնական զեկուցողը նշել է, որ այո՛, կարգավորումը վերաբերելու է նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքներին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

  • Կիսվել: