ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ներկայացվեց «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գիտաչափություն» ձեռնարկը. այն «Կրթության կառավարում» գրաշարի հերթականն է

Ներկայացվեց «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գիտաչափություն» ձեռնարկը. այն «Կրթության կառավարում» գրաշարի հերթականն է

Գիտական հետազոտությունների տեսական հիմքերը, գիտության կազմակերպման գործնական մոտեցումները և գիտաչափության ժամանակակից մեթոդները՝ մեկ ձեռնարկում: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում ներկայացվեց Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանի և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի համահեղինակությամբ լույս տեսած «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գիտաչափություն» ուսումնական ձեռնարկը։

Ձեռնարկն ընդգրկված է հեղինակների՝ «Կրթության կառավարում» գրաշարում: Սա շարքի արդեն վեցերորդ հրատարակությունն է և նախատեսված է գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կրթության կառավարման մասնագետների, ինչպես նաև գիտության կազմակերպմամբ հետաքրքրված բոլոր ընթերցողների համար։

Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ ձեռնարկի կարևոր նպատակներից մեկը կրթության և գիտության, նաև դրանց կառավարման արդյունավետության բարձրացումն է։

«Հայաստանում բոլորը խոսում են կրթության բնագավառում բարեփոխումների մասին, բայց դրանք դրվագային բնույթ են կրում ընդամենը, որովհետև ոչ ոք չի պատկերացնում, թե մեծ խորապատկերի վրա ինչ փոփոխություններ պետք է անել։ Այս գրքերի շարքն այդ հարցի պատասխանն է տալիս։ Եթե դրանք կիրառվի մեր կրթության, հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտում, մենք կունենանք արդյունավետ կառավարում»,-նշեց ձեռնարկի համահեղինակը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն էլ անդրադարձավ Հայաստանի գիտակրթական համակարգում առկա մի շարք խնդիրների։ Նրա խոսքով՝ առաջին կարևոր բացն աշխատաշուկայի և բուհերի միջև արդյունավետ կապի բացակայությունն է։

«Երկրորդ բացը ֆինանսավորումն է: Մենք կրթությունն ուղղակի ֆինանսավորում ենք գոյատևման սկզբունքով, բայց կրթությունը պիտի զարգանա, որ թե գոյատևի, նույնը՝ գիտությունը, քիչ գումարներ են ծախսվում այդ ոլորտներում: Իսկ երրորդ բացը, կարծում եմ, միջազգայնացումն է: Մենք կաղապարված ենք Հայաստանի ներսում»,- պարզաբանեց Ճուղուրյանը:

Նրա կարծիքով՝ հայ գիտնականների հետազոտական արդյունքները և ուսանողների կարողությունները պետք է ավելի ակտիվորեն ներկայացվեն միջազգային կրթական և գիտական հարթակներում, որպեսզի Հայաստանը, որպես լուրջ գիտակրթական կենտրոն, ճանաչելի դառնա և զարգացնի համագործակցությունը համաշխարհային գիտական համայնքի հետ։

Հանրային կառավարման մասնագետ, Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի հետազոտող Սերոբ Անտինյանը կարևորեց ձեռնարկի հրատարակումը, առաջին հերթին շնորհավորելով երիտասարդ գիտական համայնքին: 

«Գիտությունն ինքը մեթոդ է աշխարհճանաչման և այս առումով մեթոդաբանությունը գիտության առանցքային տարրը, կարելի է ասել՝ հիմքն է: Այս առումով շատ կարևոր է նման գրքի լույսընծայումը, նման մեթոդաբանության ձեռնարկի լույսընծայումը՝ որպես ուղեցույց բոլոր հետազոտողների, գիտությամբ զբաղվողների համար»։

Միջոցառման ավարտին հեղինակները ներկաններին նվիրեցին ձեռնարկը, նշելով, որ դրանք հասանելի կլինեն գրադարաններում:

Ատոմ Մխիթարյանի խոսքով, ձեռնարկի էլեկտրոնային տարբերակն արդեն տեղադրված է Գիտությունների ազգային ակադեմիայի կայքէջում։ Նախատեսվում է նաև վաճառքը՝ «Բուկինիստ» գրախանութների ցանցում, որտեղ հասանելի են նաև գրքաշարի նախորդ հրատարակությունները:

  • Կիսվել: