ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
ԱՄՆ Սենատը մերժել է բանաձևը, որն արգելում էր Թրամփին նոր հարվածներ հասցնել Իրանին

ԱՄՆ Սենատը մերժել է բանաձևը, որն արգելում էր Թրամփին նոր հարվածներ հասցնել Իրանին

ԱՄՆ Սենատը մերժել է բանաձևը, որը պետք է արգելափակեր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հրամաններ տալու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել հանրապետականների շրջանում պատերազմի վերաբերյալ աճող մտահոգության ֆոնին՝ միջանկյալ ընտրություններից առաջ: Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը։

Նշվում է, որ բանաձևը մերժվեց 49 ընդդեմ 50 ձայների հարաբերակցությամբ այն դեպքում, երբ հուլիսին այն հաստատել էր Ներկայացուցիչների պալատը։ Չորս հանրապետականներ՝ Կենտուկիից սենատոր Ռենդ Փոլը, Մեյնից Սյուզան Քոլինզը, Ալյասկայից Լիզա Մուրկովսկին և Հյուսիսային Կարոլինայից Թոմ Թիլիսը, գնացին Թրամփի դեմ և դեմոկրատների հետ միասին քվեարկեցին բանաձևի օգտին։ Միակ դեմոկրատը՝ Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆեթերմանը, հանդես եկավ դրա դեմ։

Աղբյուրը նկատում է՝ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ հանրապետականներ են հրապարակավ քննադատում պատերազմը։ Մասնավորապես՝ անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում յոթ հանրապետականներ քվեարկեցին նմանատիպ բանաձևի օգտին, որն ընդունվեց ստորին պալատի կողմից։ Իսկ Օհայոյից սենատոր Ջոն Հյուստեդը և Սենատի երկու հանրապետական թեկնածուներ, որոնք մրցակցային պայքարի մեջ են իրենց նահանգներում՝ Այովայից կոնգրեսական Էշլի Հինսոնը և Միչիգանից նախկին կոնգրեսական Մայք Ռոջերսը, այս շաբաթ կոչ արեցին դադարեցնելու պատերազմը։

  • Կիսվել: