հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեր ձեռքերն այնքան ամուր էին կապել մետաղալարով, որ այն մխրճվել է մաշկի մեջ, մեզ ծեծում էին զենքի խզակոթով, ծեծողների մեջ էին նաև թուրքական «Գորշ գայլեր» կազմավորման անդամներ. Գևորգ Սուջյանը ՝ ադրբեջանական գերության սարսափների մասին

Մեր ձեռքերն այնքան ամուր էին կապել մետաղալարով, որ այն մխրճվել է մաշկի մեջ, մեզ ծեծում էին զենքի խզակոթով, ծեծողների մեջ էին նաև թուրքական «Գորշ գայլեր» կազմավորման անդամներ. Գևորգ Սուջյանը ՝ ադրբեջանական գերության սարսափների մասին

2020 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքից ադրբեջանցիների կողմից առևանգված և գերեվարված Գևորգ Սուջյանը, ով ընկերոջ հետ փորձում էր մարդասիրական օգնություն հասցնել հետպատերազմյան Արցախ, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, ով նույնպես ժամանակին ադրբեջանական բանտում էր եղել Արցախ այցելելու համար, պատմում է ադրբեջանական գերության մեջ հայ պատանդների անմարդկային խոշտանգումների և նվաստացման մասին։ Նշենք, որ Գևորգը 4 գերիներից մեկն է, որոնց Ադրբեջանն ազատ է արձակել այս տարվա հունվարին: 

Գևորգը պատմում է, որ ինքն ու իր ընկերը առևանգվել են Լաչինի միջանցքը հատելիս մի խումբ ադրբեջանցիների կողմից, որոնք, ոչինչ չբացատրելով, նրանց գլխին պարկեր են մտցրել, իսկ ձեռքերը սովորական մետաղալարով այնքան ամուր են կապել, որ այն մխրճվել է մաշկի մեջ: «Նրանք այնքան ամուր կապեցին մեր ձեռքերը, որ դրանք սկսեցին այտուցվել և կապտել, իսկ մաշկի մեջ խրված մետաղալարերի սպիները դեռ մնում են: Վերադառնալով Հայաստան ՝ այդ ամենը արձանագրվեց բժիշկների կողմից», - պատմում է Գևորգը։    

Ճանապարհին Գևորգին և նրա ընկերոջը դաժան ծեծի են ենթարկել, այդ թվում ՝ զենքի խզակոթով։ «Զենքի խզակոթով ծեծի սպիները մինչ օրս մնացել են գլխիս»,- նշում է նա։ Այս ամենը, Գևորգի վկայությամբ, տևել է մի քանի օր։ «Մի խումբ անձինք պարբերաբար մտնում էին նկուղ, որտեղ մեզ պահում էին Շուշիում և դաժան ծեծի ենթարկում ՝ պահանջելով ասել ՝ «Փառք Թուրքիային», «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հատկանշական է, որ այդ խմբում անգամ ադրբեջանցի երեխաներ կային, որոնց նույնպես բերում էին, որ մեզ ՝ հայերիս ծեծեն։ Բայց առավել ուշագրավն այն է, որ այդ ադրբեջանցիների մեջ եղել են նաև թուրքեր։ Նրանք ինքները դա խոստովանեցին՝ մեզ ցույց տալով թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը։ Ես այն ժամանակ չգիտեի, թե դա ինչ կազմակերպություն է, ինձ ծեծող թուրքերն են ինձ պատմել այդ մասին», - շարունակեց Գևորգը՝ ընդգծելով, որ Շուշիում գտնվելու ողջ ընթացքում իրենց անգամ չեն կերակրել, միայն ծեծել են։  

Նրա խոսքով ՝ իրեն Բաքու են տեղափոխել անգիտակից վիճակում ՝ ծեծից ու հյուծվածությունից. «Ձեռքս կոտրվել էր, լրիվ ուժասպառ էի, 1.5 ամիս գրեթե չէի կարողանում ուտել։ Ես կշռում էի 45 կիլոգրամ»։ Ծեծը շարունակվել է նաև Բաքվի բանտում։ «Նրանք անընդհատ մեզ նյարդայինացնում էին իրենց պահանջներով՝ ամեն անգամ խցի դուռը բացելիս, անգամ դռան պատուհանից նայելիս, օրը մի քանի անգամ պետք է ոտքի կանգնեինք ու ասեինք ՝ փառք Ալիևին, փառք Ադրբեջան, Ղարաբաղը Ադրբեջան է, եթե մենք դա չէինք անում, նրանք ծեծում էին մեզ», – պատմում էր Գևորգը։ 

Այդ ընթացքում Գևորգին և նրա ընկերոջը չեն այցելել ոչ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեից, ոչ էլ որևէ իրավապաշտպան որևէ կազմակերպութունից: «Նրանք ինձ ասացին ՝ դու հիմա ոչ ոք ես, և ինձ հետ ամեն ինչ կարող են անել, և ոչ ոք ինձ չի օգնի։ Ու այդ ժամ ես իմ մեջ որոշեցի. իմ կյանքն ավարտված է, ինչ լիում է, թող լինի: Եթե ես այն ժամանակ կառչեի կյանքից, եթե կառչեի հույսից, կխելագարվեի, չէի ապրի», - շարունակեց Գևորգը։  

Նախաքննության ընթացքում Գևորգին և նրա ընկերոջը փաստաբան չեն տրամադրել, ադրբեջաներենով ինչ-որ թղթեր են տվել ՝ ստիպելով ստորագրել առանց թարգմանելու: «Արդեն դատարանում իմացա, որ նրանք ինձ ստիպել են ստորագրել ինձ ներկայացված կեղծ մեղադրանքների տակ», - նշեց նա: 

Սուջյանը պատմում է, որ չնայած ծեծին և խոշտանգումներին, ինքը ցուցմունք չի տվել Հայաստանի դեմ. «Ավելին, ես սպառնացել եմ ինքնասպան լինել, և նրանք գիտեին, որ ես իմ խոսքը կպահեմ: Ես նրանց ասել եմ, որ ձեր նախագահն իրեն մանր մարդու պես է պահում ՝ վրեժ լուծելով գերիներից։ Գերության վերջին ամիսներին ես հացադուլ հայտարարեցի, դադարեցի դուրս գալ զբոսանքի։ Ի դեպ, գերության ընթացքում մենք մի քանի անգամ հացադուլ ենք հայտարարել»։ Նրա խոսքով ՝ իրեն ողջ մնալ օգնել են ըմբիշի բնավորությունն ու մարզիկի հմտությունները։  

Գերությունից վերադառնալուց հետո Գևորգը չի կոտրվել և մտադիր է իր իրավունքները պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: