շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել  է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տների ստեղծման, աշխատանքային միգրացիայի բնագավառում համագործակցության, թվայնացման միջոցով սոցիալական ոլորտի զարգացման և հաշմանադություն ունեցող երեխաների համար նախատեսված նորարարական աջակցող սարքավորումների տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է երեխաների շուրջoրյա խնամքի հաստատություններում դեռևս բնակվող՝ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց համար ձեռք բերել համայնքային փոքր տուն։ Նախարարը նշել է՝ բնակարանի գնման գործընթացը գործուն փուլում է, և այն առավելագույնս հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։  

Նախարարը անդրադարձել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությանն աշխատանքային միգրացիայի բնագավառում՝ շեշտելով, որ երկու երկրների միջև աշխատուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունը կնպաստի աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը։

Տիկին Ահլամ Ալ Սալամին ևս ընդգծել է հայ-էմիրաթական հարաբերությունների արդյունավետ փոխհամագործակցության կարևորությունը․ «Մենք ունենք ձևավորված կայուն գործընկերային հարաբերություններ՝ հատկապես նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և մի շարք այլ ոլորտներում ևս․հույս ունեմ, որ այս հարաբերությունները կլինեն շարունակական և ի նպաստ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը»։ 

Հանդիպման ընթացքում տիկին Ալ Սալամին կարևորել է նաև օրերս Հայաստանում կայացած  Key2enable ընկերության կողմից արտադրվող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված նորարար աջակցող միջոցների արդյունավետությունը ներկայացնող վերապատրաստման դասընթացները։ Իր խոսքով՝ վերապատրաստման դասընթացներին անձամբ ներկա գտնվելով՝ համոզվել է, որ սարքերն արդյունավետ ու ֆունկցիոնալ են։

 Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ԱՍՀՆ ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատություններում ստեղծել աջակցող տեխնոլոգիական սենյակներ․ «Նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոններում նախատեսում ենք ունենալ տեխնոլոգիական սենյակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց ժամանցն անցկացնել, համակարգչից օգտվելով և՛ գիտելիք ստանալ, և՛ կրթվել, և՛ արտաքին աշխարհի հետ կապ պահել»,- ընդգծել է Ն․ Մկրտչյանը։

Կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի հնարավորությունն՝ ուղղված հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, կանանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի կարգավորմանը։

  • Կիսվել: