կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Անձի խնդիրների ու կարիքների բազմակողմանի գնահատման, փաստաթղթերի ներկայացման գործընթացի պարզեցման, ինչպես նաև բժշկական/սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատման ու վիճակագրական տվյալների հավաքման հեշտացման նպատակով նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ:

Որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Նախագծով առաջարկվում է․

  • Բժշկասոցիալական փորձաքննության բաժինների փոխարեն անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատումը վերապահել գնահատող հանձնաժողովներին, որոնք կգործեն ՄՍԾ և նրա տարածքային կենտրոնների համակարգում: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ նշված հանձնաժողովները կգործեն ոչ թե միևնույն կազմով, այլ յուրաքանչյուր գործով կկազմավորվի գնահատող նոր հանձնաժողով՝ պատահականության սկզբունքով ընտրված մասնագետների ներգրավմամբ։   
  • ներդնել e-disability էլեկտրոնային համակարգը, որը կնպաստի անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման պարզեցմանը, վիճակագրական տվյալների հավաքագրմանը, ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատման բանաձևի հիման վրա առավել ճշգրիտ որոշման ձևավորմանը և այլն։
  • գնահատվող յուրաքանչյուր անձի նկատմամբ դրսևորել առանձնահատուկ վերաբերմունք, և գնահատականը հիմնել նրա անձնական հատկանիշների ու միջավայրի վրա: Երեխաների դեպքում նույնպես մատուցվող ծառայությունները կտարբերակվեն և կանհատականացվեն:  

Ընդգծենք, որ հաշմանդամության գնահատման գործող կարգում առկա են որոշ խնդիրներ, որոնք լիարժեք չեն կարգավորում ոլորտը և չեն համապատասխանում ժամանակակից զարգացումներին: Օրինակ՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ծանրությունը չի տարբերակվում և բոլորի համար սահմանվում են նույն ծառայությունները: Կամ անձի հաշմանդամության սահմանման հիմքում առավելապես դիտարկվում են բժշկական չափորոշիչները և անձին հաշմանդամ ճանաչելիս հիմնականում հաշվի է առնվում նրա ախտորոշումը:

  • Կիսվել: