հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նախարար Սիմիդյանն ու դեսպան Սխերմեսը քննարկել են թափոնների կառավարման ոլորտում համագործակցությունը

Նախարար Սիմիդյանն ու դեսպան Սխերմեսը քննարկել են թափոնների կառավարման ոլորտում համագործակցությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։

«Նախ թույլ տվեք շնորհավորել  մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները և մեր կառավարությունների համագործակցությունը»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կակտիվանա նաև շրջակա միջավայրի ոլորտում, և հավաստիացրել, որ այդ ուղղությամբ կներդրվեն առավելագույն ջանքեր։

«Վստահ եմ, այս հանդիպումը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության եզրեր գտնելու և համատեղ օրակարգ ձևավորելու համար»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թափոնների կայուն կառավարման և  կանաչ էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պարոն դեսպանը տեղեկացրել է Նիդերլանդների դեսպանատան և «Նորարարական լուծումներ համայնքների կայուն կառավարման համար» ՀԿ-ի համատեղ ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է աջակցել ՀՀ խորհրդարանին, Սահմանադրական դատարանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ աղբի տեսակավորման աղբամաններ տեղադրելով և համապատասխան դասընթացների միջոցով։ Ծրագրի միջոցով ընդգծվում է թափոնների տարանջատման կարևորությունը և խթանվում է թափոնների՝ որպես ռեսուրսի գաղափարը։

Նախարար Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից որպես շահագրգիռ գերատեսչություն նմանատիպ ծրագրերին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։

Նախարարը  դեսպանին խնդրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ կիսվել Նիդեռլանդների Թագավորությունում բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման հաջողված փորձով։

Հանդիպման ավարտին կողմերը ուրվագծել են հետագա համագործակցության առաջնահերթությունները և սերտ համագործակցության և փոխգործակցության պատրաստակամություն  հայտնել:

  • Կիսվել: