շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայոց լեզվի թեստ անցկացրեց՝ ստուգելով պատգամավորների գիտելիքները

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայոց լեզվի թեստ անցկացրեց՝ ստուգելով պատգամավորների գիտելիքները

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այնպիսի միտում կա, իբրև թե գիրք կարդացողը, սեփական լեզուն, գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն է, իսկ այդ ամենը հերքելը՝ նյու կոսմոպոլիտիզմի վերջին ճիչը:

«Ես ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, սեփական լեզուն, գրականությունը, սեփական պատմությունն իմանալը սուպեր ժամանակակից է»,-ասաց նա և շարունակեց. «Ինձնից ավելի լայնախոհ կարծում եմ՝ քիչ քաղաքական գործիչ կա, բայց ես հիմա բերեմ թվեր. 5370 դիմորդներից հայոց լեզվի եւ գրականության պետական միասնական քննության ժամանակ նվազագույն շեմը չի հաղթահարել 1045-ը, այսինքն 19,7 տոկոսը: Դա արդյունք է հանրակրթական եւ ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման: Եթե մենք հանրակրթական, ավագ դպրոցներում տայինք այնպիսի պրոդուկտ, պոտենցիալ ուսանողների, ապա միգուցե եւ այսօրվա դիսկուրսը՝ բուհերի պարտադիր առարկաների ցանկից հանել այս առարկաները, կարող էր տեղի չունենալ»:

Ապա պատգամավորը ներկաներին կոչ արեց անկեղծ լինել. «Այստեղ նստած քանի՞ պատգամավոր ու պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին ու ասել՝ «հարցը կայանում է նրանում»: Հարցը որեւէ դեպքում, որեւէ անգամ չի կարող նրանում կայանալ: Հարցը առավելագույնս կարող է լինել՝ «հարցն այն է»: Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների եւ պաշտոնյաների մեջ, եւ թող ասեն, թե քանի՛սն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարել: Երեւի 70-80 տոկոսը: Քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ» ձեւակերպումը:  Մի փորձեք լինել սուպեր ժամանակակից, դա սուպերժամանակակից չէ»:

Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Վախենամ, որ եթե հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ անգամ տարրական գիտելիքներ չունենան, եկեք այդ թեման չբացենք: Կարող ենք սկսել այդ փորձառությունը, ես դեմ չեմ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: