Մոպեդներով շտապօգնության առաջարկը չի կարգավորելու խնդիրը, այլ ավելի խճճելու է. Ծաղիկ Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությունում հնչած առաջարկը շտապ օգնության ավտոպարկը համալրել մոպեդներով առաջին հայացքից անսովոր է և մի քիչ էլ հումորային: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ–ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հավելեմ, որ օրինակ Իսրայելում, Եգիպտոսում և շատ այլ երկրներում այն կիրառվում է ի լրումն ավանդական շտապ օգնության ավտոմեքենանների: Իրական պատճառը դրանց կիրառության դեպքի վայր արագ և էժան հասնելն է, որից հետո, անհրաժեշտության դեպքում մոտենում է շտապ օգնության բրիգադը:
Այս մոպեդները կոչվում են ամբուցիկլներ, օգտագործվում են պարամեդիկների կողմից, 3-ից 4 անգամ էժան են, օրինակ՝
Միացյալ Նահանգներում շտապօգնության նոր մեքենան արժե 100,000-200,000 ԱՄՆ դոլար, իսկ նոր ամբուցիկլն արժե ընդամենը մոտ $35,000: ՀՀ-ում գնման խրոնիկան թողնում եմ ձեզ:
Միջազգային պրակտիկայում սովորաբար ամբուցիկլները վարում են պարամեդիկները կամ առաջին արձագանքողները: Այս տրանսպորտը հագեցած է շտապօգնության մեքենայում անհրաժեշտ ամեն ինչով, բացառությամբ ողնաշարի շինաների:
Այս ամենը միջազգային պրակտիկայից, հիմա գանք Հայաստան: Մեր իրականության մեջ լուծումները պետք է գտնել ազգային մակարդակում սովորույթները, հնարավորությունները, կարծրոտիպերը, ռեսուրսները հաշվի առնելով:
Մեր հայրենիքում պարամեդիկների ինստիտուտ գոյություն չունի, մեր շտապ օգնության առաջնային խնդիրը ոչ թե խցանումներն են, դժվարանցելի ճանապարհները, այլ սանիտարական ավտոմեքենաների պակասը։ Հիմա ավելի հատվածական, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյայի առաջարկը չի կարգավորելու այս խնդիրը, այլ ավելի խճճելու է՝ խառնելով բժշկական, նախաբժշկական օգնությունները, սակայն որպես նոր գաղափար և առհասարակ պարամեդիկների ինստիտուտի ներդրման մասին բարձրաձայնում ընդունելի է, միայն թե այդ դեպքում շտապ օգնության ծառայությունը առավել նպատակահարմար կլինի որ գործի արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնի տիրույթում", – գրել է Ծաղիկ Վարդանհանը։
Նա Երևան քաղաքում շտապ օգնության կանչերի ժամանակին և որակով իրականացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ՀՀ Կառավարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին. «Երևանում տեղակայված և գործող մի շարք բժշկական կենտրոններ ունեն շտապ օգնության լիցենզիա՝ «Էրեբունի» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, «Բեսթ Լայֆ» ԲԿ, Համալսարանական համալիր, «Արաբկիր» ԲԿ և այլն: Վերացրեք սովետական ժամանակից ժառանգած Շտապ օգնություն ՓԲԸ-ի մենաշնորհը Երևան քաղաքում և էլեկտրոնային դիսպեչերական համընդհանուր համակարգ ձևավորելով, պատվիրակեք՝ դելեգավորեք, կանչերի մի մասը վերոնշյալ կազմակերպություններին:
Իսկ պարամեդիկներին իրենց ամբուցիկլներով ավելացրեք որպես հարակից, օգնող ծառայություն, ի գիտություն, շատ երկրներում այդ մարդիկ վոլոնտյորներ են:
Հարգելի Երևանի քաղաքապետարան, եթե արդեն ձեր շրջապատի մոտ կանգնած «բիզնեսմեն»-ը որոշել է գնել և ՀՀ ներմուծել դիցուք 40 ամբուցիկլ և գործարքը շատ «հրապուրիչ է», ապա այս մասով էլ առաջարկ ունեմ, մի մերժեք: Եթե գումար ունեք, ապա այդ ամբուցիկլերը ձեռք բերեք ձեր պոլիկլինիկաների տեղամասային բժիշկների համար ՝ տնային այցեր կատարելու նպատակով, մի փոքրիկ էլ դեղորայքի արկղ ավելացրեք, հավատացեք, այն մասամբ կբեռնաթափի շտապ օգնությանը և շատ կրեատիվ մոտեցում կլինի տեղամասային թերապևտների , մանկաբույժների համար:
Հ.Գ. Հուսով եմ, որ մասնագիտական մոտեցումը կհաղթի», – գրել է նա։