Միքայել Մինասյանի պաշտպանը անդրադարձել է վարչապետի խոսնակի հայտարարությանը. ակնհայտ է՝ իրավապահները առաջիկա օրերին կյանքի կկոչեն «վարչապետի ակնկալիքը»
Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլևս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։ Նման հայտարարությամբ է իր ֆեյսբուքյան էջում հանդես եկել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Ըստ նրա` Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ երկու տարի շարունակ երկրի քաղաքական իշխանությունների պարբերաբար արվող «կեղծ հայտարարությունների հերթական մաս կազմող այս ֆեյսբուքյան գրառմանը կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե ցինիկ եղանակով չհատվեին իրավունքի գերակայության, իշխանության տարանջատման և բարոյականության գրված և չգրված սահմանները»։
«Ակնհայտ է՝ իրավապահ մարմիններն առաջիկա օրերին «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել հարգարժան խոսնակի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»՝ դեսպան Մինասյանին մեղադրելով անգամ Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի կառուցման անօրինակության մեջ։
«Տիեզերական եկեղեցու վարդապետի» արձանից զատ ցանկացած այլ իրական կամ մտացածին կառույցին, բնակարանին և ընկերությանը դեսպան Մինասյանի առնչությունը խոշորացույցի տակ ստուգվել է երկու տարի անընդմեջ ՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի համար ոչ ցանկալի իրականությունը։ Անկասկած, նմանաբնույթ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետևանքներ ինչպես ներպետական, այնպես միջազգային ատյաններում։ Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությունում «ենթադրյալ բաժնեմասի» վերաբերյալ մերկապարանոց և ակնհայտ սուտ հայտարարությանը, լիազորված եմ հայտարարելու, որ եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբևէ որևէ սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ» ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին։
Հ.Գ. Տնտեսական ճգնաժամի և սպասվող սոցիալական արհավիրքի պայմաններում «մասնավոր ընկերության բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե» ձևակերպումը վկայում է ՀՀ տնտեսությունը զարգացնելու և օտարերկրյա ներդրումները ներգրավվելու վերաբերյալ ներկայիս կառավարության «խորը և համապարփակ» գիտելիքների մասին՝ ամբողջությամբ հիմնավորելով մոտակա ամիսներին Հայաստանում սպասվող տնտեսական և սոցիալական դրության իրական պատճառները»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ։
Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անդրադառնալով «Յուքոմ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, նշել էր, որ ըստ կառավարության ունեցած տեղեկությունների, այդ ընկերությունում Խաչատրյանների ընտանիքին դե-յուրե պատկանող բաժնեմասից իր խոշոր չափաբաժինը ունի նաև Միքայել Մինասյանը: Խոսնակը նշել էր, որ ապօրինի կուտակված գույքն ու գումարները պետք է վերադարձվեն պետությանը:
Նա վարչապետի անունից նաև ակնկալիք էր արտահայտել առ այն, որ իրավապահ մարմինները կուսումնասիրեն և ի հայտ կբերեն հայաստանյան շահութաբեր մի շարք բիզնեսներում Սերժ Սարգսյանի ընտանիքի մասնակցության ծագումնաբանությունը:


