Մինչև օրվա ավարտ կուտակված մեքենաները կանցնեն հայ-վրացական սահմանը
Ըստ պայմանավորվածության, պետք է մեքենաների ախտահանում իրականացվի, որպեսզի դրանք շարժվեն դեպի Լարսի անցակետ։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բեռնատար մեքենաները հատել են հայ-վրացական սահմանը։
«Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - հայտնեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր. «Դրանց մի մասը հավանաբար որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը։Մեր տեղեկություններով, հիմա մոտավոր 20-30 մեքենա կա, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս»։
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն. «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ։
«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - ասաց Հարությունյանը։


