Միլանում տեղի ունեցածը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր. Արմեն Գրիգորյան
Միլանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։
Արմեն Գրիգորյանը նշեց նաև, որ այդ հանդիպումը բաց էր, որին հայեր էին հրավիրված, բայց այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։
«Բաց հանդիպմանը բնականաբար ստուգումներ եղել են, բայց անհատական չի ստուգվել, և այստեղ ես խորքային խնդիր չեմ տեսնում։ Այդտեղ լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, դրա համար համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով էր մասնակցում»,- ընդգծեց նա։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ «բլոգեր» ներկայացած անձը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է ադրբեջանական հասարակության դեմ։
ԱԽ քարտուղարը նաև չի կարծում, որ միջադեպը կապ ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի հեռացման ու այն բանի հետ, որ նրան արժանի փոխարինող այդպես էլ չի գտնվել. «Անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և դրանք անձերի վրա հիմնված չեն»։
Նա նաև ասաց, որ մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե փոխեն անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ «Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրել զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ նրանք են միայն անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
Ախ քարտուղարը նաև չցանկացած խոսել Հայրապետովի հեռացման պատճառների մասին՝ նշելով, որ ինչ հրապարակային ասվել է նրա հեռացման մասին, դրանից ավելի որևէ բան չի կարող ասել։


