Միասնական քննության համար նոր հայտագրում է իրականացվելու․ դիմորդները ինչպես պետք է հայտեր լրացնեն
Եթե նախկին հայտագրման ժամանակ դիմորդները յուրաքանչյուր քննության համար վճարել էին 1500 դրամ գումար, ապա այժմ այդ գումարները հետ կվերադարձվեն և կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամ գումարը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք նոր հայտագրում ենք իրականացնելու՝ մայիսի 25-հունիսի 25-ը, ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում միասնական քննության համար ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում»,- ասաց նախարարը:
Հարությունյանը նշեց, որ դիմորդները ընդունելության դիմում հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
«Համաձայն ընդունելության դիմում-հայտի, դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննություն են հանձնում»,- հավելեց նախարարը:
«Ընդունելության մրցութային առարկայից հավասար գնահատականներ ստանալու դեպքում ըստ հերրթականության առավելություն տրվում է.
առաջինը՝ մեդալակիր դիմորդներին, երկրորդը՝ արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին, երրորդը՝ հանրակրթական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելիս հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, աստղանիշով մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով մեկից ավելի առարկաների դեպքում, այդ առարկաների գնահատականների միջին թվաբանականով առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին: Հինգերորդը՝ առավելություն կստանան պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդները, տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդները»։


