Մեզ պետք են նոր մեքենաներ, որոնք հնարավորինս շատ արհեստական ինտելեկտի գործիքներով հագեցած լինեն. վարչապետ
5000 էլեկտրամոբիլների քվոտան 2025 թվականի հունվարի 1-ից աշխատելու է հետևյալ տրամաբանությամբ. ով շուտ բերեց, հասցրեց, քվոտան աշխատելու է նրա համար. 5001-րդ-ի համար չի աշխատելու: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2026 թվականի համար ԵԱՏՄ-ով քվոտա չկա, բայց կա ավելացված արժեքի հարկի արտոնություն. հիմա այս ամբիոնից ուզում եմ հռչակել մեր մտադրությունը: 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԱՀ-ի արտոնությունը սահմանել միայն մինչև 2 տարեկան էլեկտրոմոբիլների վրա»,- նշեց վարչապետը:
Նա նոր մեքենաների ներկրումը կարևորեց ճանապարհային երթևեկության անվտանգության առումով:
«Երթևեկության անվտանգության, մարդկանց կյանքերի հարց է, եկեք համապարփակ լուծումների գնանք, և էլի եմ ասում՝ այդտեղ Կառավարության թերացումն էլ կա, բոլորիս թերացումն էլ կա, առաջին հերթին՝ Կառավարության, որ մենք անընդհատ ասում ենք՝ էս մի «Օպելն» էլ ու վերջ, ու հետո գալիս է էն մյուս «Օպելն» էլ, էն երրորդ «Օպելն» էլ, էն չորրորդ «Օպելն» էլ: Օպելային համահարթեցում է, ես նկատի ունեմ հին, որովհետև հիմա կան շատ հոյակապ և լավ տեխնիկական բարձր հատկանիշներով «Օպելներ»: Ես կխնդրեի, որ մենք այս ամբողջականության մեջ նայենք հարցը: Եթե ուզում ենք անվտանգություն, մեզ պետք են նոր մեքենաներ, որոնք հնարավորինս շատ արհեստական ինտելեկտի գործիքներով հագեցած լինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: