շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Նարեկ Մկրտչյանը և ԱՄԿ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղություններ

Նարեկ Մկրտչյանը և ԱՄԿ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։
 
Ինչպես հայտնում են ԱՍՀՆ-ից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20–ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» գործընթացին միանալու շրջանակում։
 
 
Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի այս անդամակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու աշխատանքի ոլորտում արդար, ներառական և արժանապատիվ պայմանների ձևավորմանը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։
 
Նախարարը և ԱՄԿ տարածաշրջանային տնօրենը քննարկել են նաև համագործակցության խորացման հնարավոր ուղղություններ, այդ թվում՝
  • աշխատանքային իրավունքների պաշտպանության.
  • արժանապատիվ աշխատանքի խթանման.
  • սոցիալական գործընկերության զարգացման և քաղաքականության համատեղ մշակման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և իրականացնել համատեղ գործողություններ՝ ԱՄԿ-ի հետ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով։

  • Կիսվել: