ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծ հավանականությամբ 2026-ին դեռ սահմանազատումն ավարտված չի լինելու. Փաշինյան

Մեծ հավանականությամբ 2026-ին դեռ սահմանազատումն ավարտված չի լինելու. Փաշինյան

Ակնհայտորեն մենք այս տարի սահմանազատումը չենք ավարտելու, այսինքն 2025 թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ 2026 թվականի քարտեզ էլ է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Հիմա, եթե 2050 թվականին հարցնեն՝ ո՞ր թվականի քարտեզով է ֆիքսված Հայաստանի սահմանները, չի լինելու մի տարեթիվ, որ դա ասենք ու դրանով փակվի ամեն ինչ»,-ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանը համաձայնե՞լ է սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ողջ սահմանի երկայնքով, Փաշինյանը պատասխանեց. «Դա արդեն պաշտոնապես արձանագրվել է: Երեկվա արձանագրության ամենակարեւոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալա-Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի համար: Դա արձանագրվելու է կանոնակարգում»:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: