շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մերժվել է ՄՊՀ-ի դեմ հայցը՝«էկո» եզրույթի կիրառման առնչությամբ

Մերժվել է ՄՊՀ-ի դեմ հայցը՝«էկո» եզրույթի կիրառման առնչությամբ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները.

  • գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է.
  • հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է ինչպես «էկո» եզրույթի առանձին օգտագործումը, այնպես էլ դրա օգտագործումը հարադիր ձևով։ Ընդ որում, որևէ նշանակություն չունի հարադիր ձևի կիրառումը մտացածին բնույթ է կրում, թե որևէ գույքի, անձի կամ այլ անվանման լրիվ կամ մասնակի վերարտադրություն է.
  • վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելու համար էական չէ «էկո» եզրույթի հայերեն լինելը։ Այլ կերպ ասած, այլ լեզուներով «էկո» եզրույթի գործածումը ևս հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն.
  • «էկո» եզրույթի օգտագործմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության որակման համար չի պահանջվում փորձաքննության եզրակացության առկայություն։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը վերոգրյալ որոշմամբ «10 հատանոց տուփով հավկիթ» ապրանքի տուփի վրա «есо-skies» արտահայտությունը մակնշելն այն դեպքում, երբ ապրանքը չի հանդիսացել օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ միաժամանակ անհիմն համարելով տնտեսավարող սուբյեկտի այն փաստարկը, որ «есо-skies» արտահայտությունն օդանավի պատկերային նշան է և մակնշումն իրականացվել է օդանավը բնորոշելու նպատակով։

 

  • Կիսվել: