Մեր խնդիրը իրավիճակի էսկալացիա թույլ չտալն է. վարչապետ
Այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց սահմանային միջադեպերի և արտակարգ դրության պայմաններում հնարավոր ագրեսիային մեր ԶՈՒ-ի պատասխանելու պատրաստվածության մասին:
Փաշինյանն ասաց. «Ցավոք սրտի, սահմանային միջադեպերը շարունակվում են, ցավոք սրտի, երկու կողմերից լինում են զոհեր, եւ մեր խնդիրն է իրավիճակի էսկալացիա թույլ չտալը»:
Նա նաեւ նշեց, որ այսպիսի դեպքերում փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով սկսեց, ով՝ ինչ արեց, եւ այդ պարագայում լավագույն լուծումը սահմանային միջադեպերի հետաքննության գործուն մեխանիզմ ունենալն է:
Վարչապետը հավելեց. "Ինչ վերաբերում է մեր Զինված ուժերին, արդեն բազմիցս է ասվել, նաեւ միջազգային զեկույցում կար, որ մենք սպառազինության գնումները, մասնավորապես 2019-ին եռապատկել ենք: Ձեռք ենք բերել ժամանակակից եւ գերժամանակակից զենք-զինամթերք: Նաեւ Բանակում սննդի նոր կարգը, հագուստի նոր կարգը, աշխատավարձի էական բարձրացումը, այս ամեն ինչը թույլ է տալիս մեզ ասել, որ Բանակի մարտունակությունը բարձր է, մեր Զինված ուժերը, Արցախում էլ Պաշտպանության բանակը կարող են ապահովել Հայաստանի ու Արցախի սահմանների անձեռնմխելիությունը":
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաեւ որ այդ թեմայով ՀԱՊԿ-ում նույնպես որոշակի գործողություններ են ձեռնարկվել:


