Մեր հարաբերություններն աժխատանքային են. Աբովյանի քաղաքապետը՝ իր և Կոտայքի մարզպետի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանն անդրադարձավ իր եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին և ասաց, որ ինչ-որ անձի կամ կառույցի նկատմամբ դեմարշ անելով հնարավոր չէ աշխատել:
«Սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից, թե միջանձնային հարաբերություններում իրար սիրում են, թե ոչ: Մեր հարաբերությունները հիմա աշխատանքային են»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք իր նկատմամբ քրգործի հարուցումը կապ ունի՞ սպասվող հանրաքվեին ունեցած դիրքորոշման հետ, Գեւորգյանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել: Նա ասաց. «Ես կարծում եմ, որ սա թյուրիմացության արդյունք է: Վստահ եմ, որ այս գործն անգամ դատաքննության փուլ չի մտնի»:
Նա խոսեց նաեւ այն մասին, թե հնարավոր է արդյոք, որ «Մուլտի գրուպ»-ի կողմից կառուցվող շենքերից որոշները, որոնք կառուցված են համայնքային հողերի վրա, քանդվեն: Այդ առնրությամբ քաղաքապետն ասաց, որ շենքը քանդվում է այն դեպքում, երբ կա հանրային շահի հետ բախում, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Նա ընդգծեց, որ իրենք մտադիր են ինքնակամ կառուցված շինությունների օրինականցում իրականացնել:
«Կառուցապատողը բազմիցս հայտարարել է, որ այս բնակարանների կառուցումը սոցիալական ծրագիր է: Բնակարանների մեկ քմ-ն մոտ 350 դոլար է, ինչն աննախադեպ է: Բնակարանները կտրամադրվեն երիտասարդ ընտանիքներին: Որոշում կայացնել եւ քանդել այս շենքերը, մենք դրան չենք գնա: Ես վստահ եմ, որ կառուցապատողը չի դադարեցնի այս ծրագիրը: Այստեղ նախատեսվում է նաեւ համայնքային մանկապարտեզի կառուցում, շինաշխատանքներն այս տարի կմեկնարկեն»,-պարզաբանեց նա:


