հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով. ՇՄ նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ

Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով. ՇՄ նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ էմիրություններում` Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցության նպատակով: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
 
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար տիկին Ամնա ալ Շամսիի հետ։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Զրույցի հիմնական առանցքում էր նաև Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming–Montreal Global Biodiversity Framework)։
 
Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, նախարարը կարևորել է այդ փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։
 
Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների նախարարությունների միջև ստորագրված հուշագրին, որի շրջանակում արդեն իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված`
 
✔️ կլիմայի փոփոխության դեմ պայքարին.
✔️ կենսաբազմազանության պահպանությանը.
✔️ շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը.
✔️ վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը.
✔️ բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը.
✔️ էկոտուրիզմի զարգացմանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

  • Կիսվել: