շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց

Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց

Սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի են սաստկանում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
 
«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին»,–ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը`
Նրա խոսքով` էական չէ, թե որ թվականի ռազմական գործողության մասնակից են իրենց երեխաները, բոլորի ցավը նույնն է։
 
«Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում։ Անհետ կորածների ծնողներից շատերը չդիմացան այս ցավին, իրենք էլ մեր հետ չեն, հնարավոր է` վաղն էլ ես քնեմ ու չարթնանամ։ Բայց եթե ես չլինեմ, իմ աղջիկն է պահանջելու իր եղբորը։ Վերադարձրեք մեր տղաներին։ Տարել եք, հիմա մեզ պատասխան տվեք»,–ասաց կինը։
Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։
 
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

  • Կիսվել: