երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկնարկել է «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով առցանց համաժողովը

Մեկնարկել է «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով առցանց համաժողովը

Այսօր մեկնարկել է «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով տարածաշրջանային երկրորդ առցանց համաժողովը, որն անցկացվում է ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության համատեղ ջանքերով՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Միգրանտների իրավունքների և լավ կառավարման բարելավումը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակում։

Երկօրյա համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Մոլդովայի, Նեպալի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի կառավարություններից, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններից, քաղաքացիական հասարակությունից և ակադեմիական շրջանակներից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը բոլոր կառավարությունների համար ակտուալ և առօրեական հարցեր են և կարևորել է նման արդիական թեմայով մի շարք երկրների մասնակցությամբ համաժողովի անցկացումը։

«Ինչպես այլ պետություններ, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բախվել է միգրացիայի ոլորտում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով ի հայտ եկած մի շարք մարտահրավերների, մասնավորապես՝ միգրացիոն տեղաշարժերի առումով՝ աշխատանքային միգրանտների դեպի ՀՀ վերադարձի ոլորտներում։ Ի հայտ եկած այս նոր մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական hասարակության և գիտական շրջանակների ակտիվ համագործակցության արդյունքում»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալը։

Վ․ Տերտերյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության մշակման և Հայաստանի կողմից ստանձնած բարեփոխումների իրականացման շրջանակում ՄՄԿ ջանքները և աջակցությունը։

Համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք և համագործակցային նոր հնարավորություններ են մաղթել Հայաստանում ՄՄԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Վրաստանում ՄՄԿ առաքելության նախագահ Սանյա Լուկովակը, Հայաստանում և Վրաստանում Նորվեգիայի դեսպանության ներկայացուցիչը։

Աշխատանքային առաջին օրը աշխատանքային միգրացիայի, հեռավար աշխատանքի մոդելները խթանելու ուղղությամբ իրենց երկրների փորձն են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Բարկալայան և Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Սվիտլանա Հլուշչենկոն։

Փորձագետների կողմից ելույթներ են ներկայացվել հեռավար աշխատանքի մոդելների, միգրանտների սոցիալական և տնտեսական վերաինտեգրման հարցերի վերաբերյալ։ Համաժողովի երկու օրերի ընթացքում կլինեն ելույթներ և քննարկումներ սոցիալ-տնտեսական վերաինտեգրում դեպի տնտեսություն և աշխատաշուկա, մասնագիտական հմտություններ ունեցող միգրանտների վերադարձը ի նպաստ տնտեսական զարգացման, անվտանգ և կանոնավոր աշխատանքային միգրացիայի ուղիների վերաբացում թեմաներով։

Համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթով հանդես կգա ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

  • Կիսվել: