շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
 
Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայնձգտում են բռնազավթել Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը և արցախահայության նկատմամբ դրսևորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետևանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։
 
Ներկայացվեցին նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։
Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։
 
Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաևՄայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման և շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ևլուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
 
Արձանագրվեց, որ 2023թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգևոր հայրերև հավատացյալ ուխտավորներ։ Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում սեպտեմբերի 30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք» միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն։
 
Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվեց Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին։ Արձանագրվեց, որ մինչ Մյուռոնօրհնեք Մար Աթոռ Սուրբ Էջմիածինը շինարարների ներդրած ջանքերի արդյունքում պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին։
 
Ժողովի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։ ԳՀԽ-ը կարևորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը և այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը։
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև եկեղեցա-վարչական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

  • Կիսվել: