հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում  առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը;

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դատավարական իրավունքների պատշաճ ապահովումը և դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ դատարանը կարող է արտագնա նիստ անցկացնել հոգեբուժական կազմակերպությունում այն դեպքերում, երբ անձի հոգեկան վիճակի պատճառով նրա՝ դատական նիստին մասնակցությունն անհնար է: Սա դատավորին հնարավորություն կտա անմիջականորեն տեսակցել անձին և լսել նրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած չափանիշներին համապատասխան:

Միաժամանակ, նախագծով սահմանվում են հստակ ժամկետներ, թե երբ պետք է քրեական վարույթը փոխակերպվի բժշկական հարկադրանքի վարույթի, եթե պարզվում է, որ մեղադրյալը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի հետ անհամատեղելի հոգեկան առողջության խնդիր: Նախաքննության փուլում քննիչը պարտավոր կլինի 24 ժամվա ընթացքում կայացնել համապատասխան որոշում, իսկ դատաքննության փուլում դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո, սեփական նախաձեռնությամբ կամ միջնորդությամբ, որոշում կկայացնի հնարավորինս սեղմ ժամկետում:

Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով այս կարգավորումները կբացառեն անհիմն ձգձգումները, հատկապես այն դեպքերում, երբ անձը վտանգ է ներկայացնում իր և հասարակության համար: Այդպիսի իրավիճակներում անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել անձի մեկուսացումը՝ բժշկական հսկողության անվտանգության միջոց կիրառելով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հարակից ելույթով հայտնել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, և հորդորել պատգամավորներին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել օրենքի ընդունմանը:

  • Կիսվել: