Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորվում է նոր մշակույթ․ անչափահասների հետ աշխատանքը ՆԳՆ առաջնահերթություն
ՆԳ նախարարության համար թիրախային է անչափահասների հետ տարվող արդյունավետ աշխատանքը ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային առումով։
Անվտանգային մշակույթը, հասարակության մեջ անվտանգ գործելակարգը ձևավորվում է պատանի տարիքից, հետևաբար կարևոր է ամենօրյա, կանոնակարգված աշխատանքը հենց այդ տարիքային խմբի անչափահասների հետ։
Այս համատեքստում ՆԳՆ Ոստիկանության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց գլխավոր դերում ավարտական դասարանների աշակերտներն էին։Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններում կազմակերպված ինտերակտիվ և գործնական տարրերով հագեցած միջոցառումների ընթացքում դպրոցականները ոչ միայն ծանոթանում էին ոստիկանի առօրյային, այլև «ստանձնում» տարբեր պաշտոններ՝ հերթապահ տեսուչից մինչև բաժնի պետ։
Աշակերտները տեղերում խաղարկում էին տարաբնույթ ահազանգերով պայմանական սցենարներ։ Ահազանգերը ստանալուն պես՝ նրանք ձևավորում էին օպերատիվ խմբեր, մեկնում դեպքի վայր, սահմանազատում տարածքն ու իրականացնում որոնողական և այլ գործողություններ։
Բնույթով տպավորիչ ու եզակի էին նաև Փրկարար ծառայության կազմակերպած միջոցառումները, երբ օգնության ձեռք մեկնողը հենց աշակերտներն էին։ Նրանք հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնելիս զարգացնում էին ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։
Նման նախաձեռնությունները նոր ազդակ են հաղորդում ոստիկան-դպրոցական, փրկարար-դպրոցական հարաբերությունները փոխադարձ հարգանքի առավել բարձր մակարդակի հասցնելու գործում։ Եվ պատահական չէ, որ մասնագիտության նկատմամբ հարգանքն ու համակրանքը ձևավորվում են հենց այդպիսի միջոցառումների ընթացքում և արդյունքում։
ՆԳ նախարարությունը նմանօրինակ միջոցառումներով պատրաստակամորեն ձևավորում է նոր մշակույթ, որի գլխավոր դերակատարները՝ գործող ոստիկաններից ու փրկարարներից զատ մեր ապագա ոստիկաններն ու փրկարարներն են՝ նոր կյանք մտնող դպրոցականները։