Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
Այսօր Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Նամականիշերի ստեղծումն ու թողարկումն իրականացվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
«Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ արտիստ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի տնօրեն Ֆիլիպ Վալը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի դուստր Լիդիա Կասպարյանը:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (1924-2018թթ.): Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպարանում 80.000 օրինակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին