Մարտունիում ոչ սթափ անչափահաս տղան վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է
Գիշերը մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրը լքել է, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հայտնաբերվել է ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից և տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։