հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում․ քննարկում ՇՄՆ-ում

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում․ քննարկում ՇՄՆ-ում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը արձանագրել է, որ թեև բնապահպանական տեսանկյունից գոհացնող արդյունք է կենսաբազմազանության վերականգնումը և կենդանատեսակի քանակի աճը, սակայն այս դեպքում խնդիրը նաև այլ մտահոգիչ կողմեր ունի, որոնք պակաս կարևոր չեն։

«Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։ Այս հարցի շուրջ լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել գործընկերներին առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ՝ համատեղ ուժերով խնդրին լուծումներ տալու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը գործընկերներին է ներկայացրել վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալներ, ժամանակահատված, հասցված վնասի չափ։

Արփինե Փանոյանը տեղեկացրել է նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ձևավորել «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ»-ի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն խնդրով շահագրգիռ բոլոր անձինք, գերատեսչություններն ու կազմակերպությունները։ Աշխատանքային խմբի գործառույթներից մեկն էլ կլինի մարդ-գորշ արջ հակամարտությանը լուծումներ գտնելը։

Նախարարի տեղակալը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը որքան հնարավոր է շուտ մեկնարկել։

Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրին լուծումներ տալու իրենց մոտեցումներն ու դիտարկումները։

  • Կիսվել: