կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մանկական ֆիլատելիային նվիրված գիրքը կբացահայտի նամականիշերի զարմանահրաշ աշխարհը

Մանկական ֆիլատելիային նվիրված գիրքը կբացահայտի նամականիշերի զարմանահրաշ աշխարհը

«Նամականիշերի զարմանահրաշ աշխարհում» պատկերազարդ և գունագեղ գիրքը մանուկներին պատմում է նամականիշի ստեղծման մասին, պատասխանում այն հարցին, թե ինչ է ֆիլատելիան, ովքեր են ֆիլատելիստները, ինչ արժեք ունեն նամականիշերն ու ինչ դեր են խաղում յուրաքանչյուր պետության զարգացման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ յուրահատուկ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 6-ին «Զանգակ» գրատանը:

«Հայփոստ»-ի ֆիլատելիայի վարչության ղեկավար Շուշան Ալեքսանյանը շնորհանդեսին ներկա դպրոցականներին տեղեկացրեց, որ նամականիշը պետական խորհրդանիշներից մեկն է, ուստի նամականիշի վրա երբեք ոչ մի պատահական պատկեր չի հայտնվում: Այն ներկայացնում է պետությունը, պատմությունն ու մշակույթը:

«Նամականիշը փոստային վճարամիջոց է: Նամականիշի առկայությունը նամակի վրա խոսում է այն մասին, որ նամակի համար արդեն վճարել են»,-ասաց Ալեքսանյանն ու հավելեց՝ ճամփորդելով ամբողջ աշխարհում՝ նամականիշերը ներկայացնում են հային և Հայաստանը, ուստի Հայաստանի փոքրիկ դեսպաններն են աշխարհում:

Ալեքսանյանը պատմեց՝ երբ նամականիշեր դեռ չկային, նամակի համար պետք է վճարեր հասցեատերը, որը երբեմն հրաժարվում էր դա անել՝ պատճառաբանելով, որ ինքը չի խնդրել, որ իրեն նամակ ուղարկեն: Այդ երևույթը խնդիրներ է առաջացրել: «Ռոլանդ Հիլ անունով անգլիացի գիտնականը որոշեց ծրարի վրա նամականիշ փակցնել, ինչը կվկայի, որ նամակի համար վճարված է: 1840 թվականին տեղի ունեցավ նամականիշի գյուտը, որն իսկական հեղափոխություն էր հեռահաղորդակցության ոլորտում, փոստային բնագավառում»,-շեշտեց Ալեքսանյանը:

Առաջին նամականիշը թողարկել է Անգլիան: Նամականիշը կոչվում է «Սև պենի», որի վրա պատկերված է Վիկտորիա թագուհին: Այն  աշխարհի ամենաթանկարժեք ու հայտնի նամականիշերից է:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 1992 թվականին է թողարկել առաջին նամականիշը: Հայտարարվել է մրցույթ, որում 400-ից ավելի աշխատանքներ են ներկայացվել: Հաղթել է Հարություն  Սամուելյանը: Նամականիշի վրա պատկերված է եռագույնը՝ Արարատի ֆոնին:

«19-րդ դարում նամականիշ հավաքելը դարձել է մարդկանց սիրած հոբբիներից մեկը: Նամականիշեր հավաքելը համարվում է ինտելեկտուալ հոբբի, քանի որ նամականիշերը պարունակում են տեղեկություններ, որոնք այլ աղբյուրներից հնարավոր չէ ստանալ: Նամականիշեր հավաքողներին անվանում են ֆիլատելիստներ, իսկ գիտությունը, որ համախմբում է ֆիլատելիստներին, նամականիշերը, դրանց ուսումնասիրությունը կոչվում է «Ֆիլատելիա»: Այն հունարեն բառ է և նշանակում է սեր նամականիշերի նկատմամբ»,-ասաց Ալեքսանյանն ու շեշտեց՝ նամականիշերի արժեքները երբեմն կախված են նրանից, թե երբ են թողարկվել:

Այսօր աշխարհի ամենաթանկ նամականիշը «Վարդագույն Գվինեա» է կոչվում, որից մի քանի օրինակ կա: Վերջերս նամականիշի օրինակներից մեկն աճուրդում վաճառվել է 9 մլն դոլարով:

Աշխարհում կա 40 միլիոնից ավելի ֆիլատելիստ, իսկ Հայաստանում նրանք 300-ից ավելի են: Հայտնի ֆիլատելիստներից են եղել Ջոն Լենոնը, Ֆրեդի Մերկուրին, Եղիսաբեթ երկրորդ թագուհին և այլք:

Շուշան Ալեքսանյանը, դիմելով դպրոցականներին, ասաց՝ եթե նրանք լավ նկարում են, ունեն նամականիշ ստեղծելու գաղափարներ, կարող են իրենց աշխատանքներն ուղարկել փոստ: Չի բացառվում, որ այդ աշխատանքը թողարկվի: Այդպես հեղինակը կմնա պատմության մեջ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նամականիշերի ներկայությունը գրքի տեսքով հրաշալի գաղափար համարեց: Դիմելով դպրոցականներին՝ նա ասաց, որ նրանք այն տարիքում են, որ ճանաչում են աշխարհը, նոր շերտեր բացահայտում այդ աշխարհում, իսկ այդ գործում մեծ դեր կարող է խաղալ գրականությունը, ինչպես նաև մանկական ֆիլատելիային նվիրված գիրքը:

«Մենք շատ փոքր ենք, բայց մեզ շրջապատող աշխարհը շատ մեծ է, նույնքան մեծ պետք է լինեն ձեր մտքերը»,-շեշտեց Պողոսյանը:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանն էլ ասաց, որ առաջին անգամ են թողարկում մանկական ֆիլատելիային նվիրված պատկերագիրք: «Նախորդ տարի մենք մեծ աշխատանք ենք կատարել Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի հետ. բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ուշադիր ենք եղել գրքի բոլոր դետալների նկատմամբ: Նամականիշեր հավաքելը հատուկ մշակույթ է ձևավորում, և մարդը յուրաքանչյուր գործ անելիս սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին, ձգտում է կատարյալին»,-նշեց Աբրահամյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը հավաստիացրեց՝ ֆիլատելիան զարգանում է այն երկրներում, որտեղ զարգանում է մանկական ֆիլատելիան:  Նա ևս ասաց՝ ինչպես դրոշը, զինանշանը, դրամը, այնպես էլ նամականիշը պետական խորհրդանիշ է:

Մուսայելյանը դպրոցականներին տեղեկացրեց, որ երկրների նախագահները, վարչապետները, այլ պետական այրեր տարբեր երկրներ պաշտոնական այցերի ժամանակ միմյանց նամականիշերի հավաքածուներ են նվիրում, որովհետև դրանց միջոցով պատկերացում է ստեղծվում տվյալ երկրի պատմության, մշակույթի, կարևորագույն իրադարձությունների մասին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ «Հայփոստ»-ը 2024-ին թողարկելու և շրջանառության մեջ է դնելու Ակսել Բակունցին, Պարույր Սևակին, Շառլ Ազնավուրին, Սերգեյ Փարաջանովին նվիրված նամականիշեր:

 

 

  • Կիսվել: