երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ

Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ

Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում: Այս մասին ասել է բժիշկ Արշակ Ջերջերյանը:

Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Երեխան բուժման ավարտից հետո կտեղափոխվի մանկատուն։

Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված նորածնին աղջնակը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով` երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին` ժամը 21։15–ի սահմաններում։ Սկզբում երեխայի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30–ի, գրանցվել է հիպոթերմիա։

«Հիպոթերմիան կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։ Ըստ պրոտոկոլի` չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է` 36,7, շնչառական անբավարարություն ունի, դրա համար հատուկ ապարատի տակ է»,–ասաց նա։

Բժշկի խոսքով` երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։

Ջերջերյանը անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին` նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։

«Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը` 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2–4 օր տևի»,– ասել է նա։

Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Դրանից հետո կտեղափոխվի մանկատուն։

Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Լքված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: