Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ համագործակցության նոր հեռանկարներ
ԿԳՄՍ նախաձեռնությամբ հունիսի 14-17-ն աշխատանքային այցով Երևանում են գտնվում Լոնդոնի հեղինակավոր «Sotheby’s» աճուրդային տան ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ համագործակցային և մասնագիտական կապեր Հայաստանի մշակութային կազմակերպությունների և աճուրդային տան միջև:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Ալինա Դեյվիին, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարածաշրջանային նախագահ Էդվարդ Գիբսին։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Քննարկվել են մշակութային աճուրդների ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությամբ մշակույթի տնտեսականացումն ու հանրային կյանքում մշակույթի դերի բարձրացումն առաջնային թիրախներ են:
Նա տեղեկացրել է՝ նախորդ տարի ընդունվել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է կանոնակարգել արվեստի շուկայում ձևավորվող տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի պատկերասրահների, աճուրդային տների և արվեստագետների միջև համագործակցային միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նպաստել ոլորտի թափանցիկ և մրցունակ զարգացմանը։ Նախարարի խոսքով՝ օրենքի մշակման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են միջազգային առաջատար փորձը և ոլորտի կարգավորման մեխանիզմները, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի օրինակներով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր աճուրդային տների գործունեության ընթացակարգերը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում միջազգային հեղինակավոր աճուրդային տների հետ համագործակցության ուղղությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և վարկանիշի բարձրացմանն արվեստի միջազգային շուկայում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մշակութային աճուրդների, արվեստի շրջանառության և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացման տարածաշրջանային կարևոր հարթակ հանդիսանալ՝ հաշվի առնելով մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և մշակութային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվել միջազգային հեղինակավոր բուհերի, այդ թվում՝ Լոնդոնի արվեստների համալսարանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմամբ։
Քննարկվել են նաև հայ ժամանակակից արվեստագետների, երիտասարդ ստեղծագործողների և արվեստի նոր ուղղությունների ներկայացուցիչների ներգրավման հեռանկարները միջազգային աճուրդային և ցուցադրական հարթակներում՝ նպաստելով նրանց ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում ներկայացմանը։
Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան ներկայացուցիչները բարձր են գնահատել մշակութային աճուրդների ոլորտում Հայաստանում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նախադրյալներ են միջազգային համագործակցության զարգացման և տարածաշրջանում մրցունակ արվեստի շուկայի ձևավորման համար։ Ներկայացնելով աճուրդային տան գործունեության հիմնական ուղղությունները՝ նրանք վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող բացառիկ նմուշների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և հնարավոր ձեռքբերման գործընթացներին աջակցելու ուղղությամբ։ Այս համատեքստում մասնավորապես նշվել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը Լոնդոնում կազմակերպված միջազգային աճուրդից ձեռք է բերել բացառիկ հայկական մշակութային արժեք համարվող 1188 թվականին պատրաստված եկեղեցու քանդակազարդ փայտյա դռան փեղկը, որը տեղափոխվել է Հայաստան։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և վստահություն հայտնել, որ միջազգային փորձի ներգրավումը, մասնագիտական կարողությունների զարգացումը կնպաստեն Հայաստանում մշակութային աճուրդների կայացմանը, ոլորտի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան ներկայացուցիչներն այցի շրջանակում նախատեսում են խորհրդատվական հանդիպումներ Հայաստանի թանգարանների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:



