հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիարժեք բավարարված չենք հանդիպումից. ողբերգական հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին

Լիարժեք բավարարված չենք հանդիպումից. ողբերգական հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին

Մենք լիարժեք բավարարված չենք ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ հանդիպումից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական հրդեհից մահացած զինծառայողների ծնողները հանդիպել են զինդատախազի հետ:

Արման Բարսեղյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել: Հույս ունենք, որ գործը ճիշտ ուղղությամբ է գնում: Հարցերը տվել ենք, դրանց շրջանակներում քննություն է ընթանում, նախաքննական գաղտնիք ես չեմ կարող հայտնել: Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

  • Կիսվել: