երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Հայաստանի եւ Արցախի իշխանություններին

Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Հայաստանի եւ Արցախի իշխանություններին

Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ

Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:

Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ մեկ տասնյակ բեռնատար ու շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թ.-ին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ցանկանում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկան Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանը և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար: Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառաբանություններ­ բերել:

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք և ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, սակայն վերահաս պատերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, բայց համոզված եմ՝ ոչ նպատակները: Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության նկատմամբ և գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին»:

  • Կիսվել: