Կորոնավիրուսով վարակված 8 անձից ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մյուսները գանգատներ չունեն. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը: Նախարարությունը հայտնում է.
«Մարտի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ՝ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի»:


