չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։ Մեր տեղեկություններով, նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ վարակման դեպքեր չկան․ այստեղի աշխատակիցներն աշխատանքի մտնելուց առաջ պարտադիր նմուշառվում են։

Նշենք, որ այսօր Գյումրու ինֆեկցիոնում 3-ով ավելացավ կորոնավիրուսով վարակվածների թիվը․ երկու օր առաջ 38 հոգի էին, այսօր դարձան 41։ Ավելացավ նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը․ երկու օր առաջ 475 քաղաքացի էին, որոնցից 106-ի մոտ կար դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, այսօր դարձան 517, որոնցից 101-ի մոտ կա դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

  • Կիսվել: