հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կորոնավիրուսային հիվանդության պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելն արգելվում է. բժիշկ֊վարակաբան

Կորոնավիրուսային հիվանդության պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելն արգելվում է. բժիշկ֊վարակաբան

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա սկզբին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքն սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հիվանդների, կամ վարակվածության կասկածով անձանց:

Ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող հիվանդների ընդհանուր վիճակի մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Արևիկ» մանկական բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անուշ Գալստյանի հետ:

«Առայսօր ընդունել ենք 41 հիվանդի: Բոլոր հիվանդները հիմնականում ունեն թոքաբորբ: Նրանցից շատերը առողջ վիճակում դուրս են գրվել:

Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 21 հիվանդ, որից 10-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական պատասխան, իսկ մյուսների մոտ թեստի պատասխանը դեռ պատրաստ չէ: Մեր բաժանմունքում, պայմանավորվածության համաձայն, ընդունում ենք միջին ծանրության հիվանդների, ովքեր ունենում են սատուրացիա, այսինքն՝ այրան մեջ թթվածնի ցուցանիշը 90-ից բարձր է լինում, չեն ունենում ծանր քրոնիկ պաթոլոգիաներ, ուղեկցող այլ հիվանդություններ, գտնվում են դեկոնպենսացիայի շրջանում, ինչը նույնպես կարող է բարդացնել հիվանդի վիճակը»,- ասել է Ա. Գալստյանը:

Բժիշկ-վարակաբանի խոսքով՝ բարձր ջերմության, ընդհանուր թուլության, հազի, սրտխառնոցի, գլխապտույտի, բարձր ճնշման կամ ճնշման նվազման, մկանային և հոդերի ցավի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ հենց դրանք են համարվում կորոնավիրուսային հիվանդության առաջին ախտանշանները:

«Վարակի առկայության դեպքում, առաջին հերթին, պետք չէ խուճապի մատնվել: Ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, անհրաժեշտ է դիմել մասնագետին, և հետևել նրա խորհուրդներին»,- հավելել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: