Կմեկնարկեն ծնելիության խրախուսման նոր ծրագրեր
Գործադիրը հաստատել է Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թթ. միջոցառումները:
Փաստաթղթի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիների, ծնելիության, բնական աճի, վերարտադրողական առողջությանը վերաբերող պաշտոնական և այլընտրանքային հետազոտության տվյալները, համաձայն որի Հայաստանում առկա է ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում և ստեղծվել է անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ, մասնավորապես առկա է ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակ:
Ծնելիության գումարային գործակցը 2018թ. կազմել է 1.57, մինչդեռ պարզ վերարտադրության համար գործակիցը պետք է լինի 2,1 և ավելի: Ծնելիության անկման առկա միտումների պահպանման դեպքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կանխատեսումների 2024թ. կարձանագրվի ընդամենը 25 000 ծննդաբերություն (ներկայում շուրջ 37 000): Հանրապետությունում առկա է, մասնավորապես, անպտուղ ամուսնության բարձր` 14.9 տոկոս տարածվածություն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ, ԱՀԿ) սահմանման, անպտղության 15 տոկոս մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության ու ծնելիություն վրա:
Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բնակչության որոշ խմբերի սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները:
Արդյունքում ակնկալվում է բարելավել դեռահասների ու երիտասարդ անձանց վերարտադրողական առողջությունը, կանխարգելել վերարտադրողական և պերինատալ կորուստները: Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1000 դեռահաս, 14000 ամուսնական զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2500- 3000 կին:


