կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Կիբերհարձակում 178 ընկերությունների վրա. տուժել են IKEA-ն, Zoom-ը և աշխարհահռչակ այլ բրենդներ

Կիբերհարձակում 178 ընկերությունների վրա. տուժել են IKEA-ն, Zoom-ը և աշխարհահռչակ այլ բրենդներ

Կիբերհանցագործները լայնածավալ հարձակում են իրականացրել՝ վնասաբեր կոդ ներդնելով Optimizely հարթակում, որը լայնորեն օգտագործվում է կորպորացիաների կողմից կայքերի թեստավորման և օպտիմալացման համար։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, միջադեպի հետևանքով վտանգվել են տարբեր ոլորտների 178 ընկերությունների պաշտոնական կայքեր։

Համաձայն կիբերանվտանգության հետազոտող Սքոթ Հելմի տվյալների՝ տուժածների թվում են այնպիսի հայտնի բրենդներ ու կազմակերպություններ, ինչպիսիք են IKEA-ն, Zoom-ը, Salesforce ծրագրային ապահովման մշակողը, Equifax վարկային բյուրոն, ինչպես նաև BBC-ն, CNN-ը և Air France ավիաընկերությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ վարակված էջերի միջոցով չարագործները նպատակ են ունեցել գողանալու օգտատերերի կրիպտոարժույթն ու բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև վնասաբեր ծրագրեր տեղադրել Apple-ի սարքերում։

Խոշոր ընկերություններն արդեն արձագանքել են միջադեպին։ Salesforce-ում հայտնել են, որ ուսումնասիրում են Optimizely-ի կոդում հայտնաբերված չարտոնված փոփոխությունները և որպես նախազգուշական միջոց ժամանակավորապես անջատել են հարակից գործառույթները։ Equifax-ում իրենց հերթին նշել են, որ չնայած սեփական համակարգերում վարակի հետքեր չեն հայտնաբերել, ընկերությունը մինչև հանգամանքների լիարժեք պարզումը դադարեցրել է Optimizely-ի կիրառումը։

  • Կիսվել: