Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Այսօր` օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Ստեփան Մ.-ի վարած «BMW 320I» մակնիշի և 61-ամյա Արթուր Վ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսի անվահեծաններն էլ պոկվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Վ.-ի ուղևոր Յարինազ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լյուդվիգ Արշակյանը և Կարեն Հերաբյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


