չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա․ կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա․ կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մելքոն Չ․-ն և նրա 3 ուղևորները տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի,  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահրամ Սարդարյանը և կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։ 

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

  • Կիսվել: