Խոշոր ավտովթար Երևանում. «BYD»-ը Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Հ. Գ.-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել խոտածածկ տարածքում և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ապետ Արշակյանը, Արամ Գևորգյանն ու պարեկ Նարեկ Միքայելյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



